Ճամփորդապատում
Լող, բարձունք և շրջակա միջավայրի խնամք. Մեր ճամբարային օրը Սևանի ափին
Գեղարքունիքի մարզի Արտանիշի թերակղզին մեր սեբաստացիական ճամբարի համար դարձավ իսկական բացօթյա ուսումնական միջավայր: Ամեն ինչ սկսվեց գեղեցկ տեսարաններով, Սևանի զով ու մաքուր ջրերում լողալով, որին հաջորդեց մեր հավաքական ու համերաշխ առօրյան։
Մեզ համար ճամբարը միայն հայրենաճանչույուն չէ, այլև պատասխանատվություն. մեծ սիրով զբաղվեցինք միջավայրի խնամքով՝ մաքրելով ու կարգի բերելով ափամերձ տարածքը, որպեսզի մեր հետքը բնության մեջ միայն բարի լինի։
Ամենահիշարժան պահը, անշուշտ, բարձունքի նվաճումն էր: Քայլքը հեշտ չէր, բայց երբ վերևից բացվեց Սևանա լճի հոյակապ, անծայրածիր համայնապատկերը, հոգնածությունն ակնթարթորեն անհետացավ։ Ճամբարական ընկերներով հետ քայլք, զրուցելով, հաղթահարելով դժվարությունները՝ մենք ևս մեկ անգամ զգացինք միասնության ուժը, վայելեցինք հայրենի բնության շունչն ու ստեղծեցինք ջերմ, անմոռանալի պահեր, որոնք մնալու են մեր հիշողության մեջ երկար։
Տիար Բլեյանի հետ ունեցանք արդյունավետ ու հետաքրքիր կլոր սեղան, որի ընթացքում ամփոփեցինք մեր եռօրյա ճամբարի տպավորություններն ու արդյունքները։
Քննարկման առանցքային կետերից էր ճամբարների ընդլայնման գաղափարը․ տիար Բլեյանն առաջարկեց ավելի ակտիվորեն ներգրավել ընտանիքներին, ինչը հրաշալի հնարավորություն է ճամբարային մշակույթը համայնքային ու ընտանեկան միջավայր տեղափոխելու համար։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև հետագա քայլերը․
Հայրենագիտական նոր կանգառներ․ Ճանապարհորդություններն առավել բովանդակալից դարձնելու համար կազմվելու են նոր երթուղիներ։
Արզնիի ուղղություն․ Հետդարձի համար առաջարկվեց հետաքրքիր տարբերակ՝ այն իրականացնել Արզնիով, ինչը նոր շունչ ու հետաքրքրություն կհաղորդի մեր հայրենագիտական կանգառներին։
Այս նոր առաջարկներն ու գաղափարները նոր լիցք կտան մեր հետագա ճամբարներին ու ճանապարհորդություններին։
Արտանիշի ճամբարային օրերին մի հետաքրքիր ու ժպիտ առաջացնող դիտարկում արեցինք. պարզվում է՝ բոլոր սեբաստացիներն առանց բացառության լողալ գիտեն:
Սևանի ալիքների մեջ իրենց վստահ ու անկաշկանդ զգալը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթահամլիրում լողի ուսուցումն ու ջրային մարզաձևերը կյանքի բնականոն ու սիրված մասն են: Այստեղ ջուրը վախ կամ խոչընդոտ չէ, այլ ընկեր, հարթակ՝ ազատության և հրճվանքի համար:








Комментариев нет:
Отправить комментарий