Ես Անահիտն եմ Գևորգյան: Սա իմ աշխարհիկ հասցեն է , այսինքն` մարդիկ ինձ այդպես են ճանաչում: Ես էլ հարմարվել, ընտելացել ու սիրում եմ իմ այս հասցեն: Սիրում եմ կյանքը, ինքս ինձ ու իմ աշխարհընկալումը: Փորձում եմ կյանքին վերաբերել հանգիստ ու շատ եմ ուզում, որ կյանքն էլ ինձ էդպես` խաղաղ ու մեղմ վերաբերվի: Չեմ սիրում հայ կնոջը բնորոշ բաներ անել` տրտնջալ և բողոքել անարդարությունից: Զզվում եմ խղճահարությունից ու խղճալուց:
Իմ մեջ կա մի բան, որը բնորոշ է հենց Անահիտին` լավատեսությունը: Ինձ թվում է` ամենալավը առջևում է, ու հաստատ կգա մի օր, երբ մենք` բոլորս, ոչ թե հավատով կմաքառենք լավին արժանանալու համար, այլ նա հանկարծակի կհայտնվի ու մեզ կջերմացնի իր ներկայությամբ, իսկ մենք անսպասելիությունից գլուխներս կկորցնենք… Ես ինձ համարում եմ երջանիկ ու ուրախ մարդ: Հոգիս ու խիղճս սնվում են սրտիցս: Կյանքում ունեցել եմ շատ երջանիկ պահեր ու օրեր, հասցրել եմ ունենալ նաև դժվարին իրավիճակներ , սակայն դա ինձ չի խանգարել գնահատել ու պինդ պահել իմ երջանկությանը: Ծուլանալով հանդերձ` հասցնում եմ մնալ ինքս ինձ հետ` մերթընդմերթ հաշվետվություն տալով իմ խղճին ու բանականությանը:
Ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն է, ընկերներս, բարեկամներս, բնությունս: Սրանք ինձ ուժ ու ապրելու ցանկություն են տալիս: Ես էլ փորձում եմ նրանց հուսախաբ չանել ու մնալ իմ սկզբունքներին հավատարիմ:
Սովորում եմ ինձ ոչ միայն սիրել, այլ նաև` հարգել: Անկեղծ եմ ու շիտակ, կարողանում եմ ժամանակ առ ժամանակ ինքնամաքրվել: Սիրում եմ մարդկանց, նրանց հետ շփվում եմ անկաշկանդ ու առանց բարդույթների: Կարծում եմ` մարդիկ սիրում ու գնահատում են իմ այս հատկանիշը:
Կյանք, դու լավն ես ու ինձ համար ես…
Комментариев нет:
Отправить комментарий