суббота, 2 ноября 2019 г.

Ես սեբաստացի Անահիտն եմ...

 Սեբաստացին ընտրություն է…

Երբ սկսեցի հիշել, թե երբ ես ու իմ երեխաները դարձանք սեբաստացի ու ինչ ճանապարհ անցանք, միանգամից գլխումս երկու միտք խառնվեց։ Կրթահամալիրը տուն է, թե դպրոց։

Տուն

Տուն է, որովհետև ես այստեղ ապրեցի իմ կյանքի հետաքրքիր օրերը, եղա երջանիկ, դժբախտ, ծանր ու թեթև, մանկացա, մեծացա, տարբերեցի, մերժեցի, ուժեղացա, կորցրեցի ու գտա։

Հիշողություն

Կարծես երեկ լիներ, երբ Ֆրեդը 15 տարեկան էր, Գոհարը՝ 3։ Հերթական անգամ մեր տանը  խոսում էինք կրթահամալիրյան կենդանի կյանքի մասին, երբ տիար Գևորգ-քեռին կամ Գոու պապիկն ասաց, որ սկսվել է ընդունելությունը քոլեջում։ Սիրտս արագացավ, որովհետև կրկին անգամ իմ մեջ մանկությանս երազանքն ակտիվացավ։ Ես ուզում եմ ուսուցիչ լինել ու դրա համար պահն է, հասունացել է, ու համոզված եմ, որ կստացվի, որովհետև դա իմ երազանքն էր․․․

Ճանապարհ

Եվ մի լուսավոր օր բռնեցի Գոհարի ձեռքն ու գրկեցի Ֆրեդին․․․։ Մեզ Բ4 թաղամասի, այժմ Արևմտյան դպրոց-պարտեզի դռների մոտ դիմավորեց տիկին Զարուհին։ Սիրով երեխաներին ընդունեցին, ես էլ շտապեցի իմ փաստաթղթերով Մայր դպրոց, որպես ուսանող․․․։ Հարցազրույցն անցա, թեստը լրացրեցի։ Ես արդեն ուսանող եմ։ Դժվար էր, բայց չէի տրտնջում, որովհետև իմ երազանքն էր։ Ամեն առավոտ,  վազում էի պարտեզ, հետո` դասի, սպասում հաջորդ օրվան։ Ագահաբար սովորում էի, որովհետև ունեի դրա բնական պահանջը ։ Ես երջանիկ էի իմ ու սեբաստացիական աշխարհում։

Դպրոց

Երբ երրորդ կուրսում էի Նառա Նիկողոսյանը մեզ դասավանդում էր «Մանկական գրականություն» դասընթացը, երբ դասվարներից բացակա դասավանդող էր լինում, ինձ ուղարկում էր փոխարնելու։ Ես գնում է ու լուսավորվում երեխաներով, սովորում ու սովորեցնում իրենց։ Հավես էր։ Գնալով այս մասնագիտությունը իմն էր դառնում, ես էլ` իրենը։ Նվիրվում էի անկեղծ իմ ընտրած ճանապարհին։ Քոլեջն ավարտեցի: Նառա Նիկողոսյանի առաջարկով մնացի «Նոր դպրոցում» որպես դասվար` իմ Գոհար աղջկա ու իր դասընկերների առաջին ուսուցչուհին։ Շնորհակալ եմ, որ այդ օրը եղավ, որ առաջարկեց ու ես մնացի կրթահամալիրում։



Այնպես դասավորվեց կյանքը, որ մենք ընտանիքով բացակայեցինք երկրից, մեկնեցինք Քիշնև բնակվելու։ Շատ դժվար ու խեղդող օրեր ունեցանք։ Կարոտում էինք..., մեզ համար հայրենքը նաև կրթահամալիրն էր։ Ֆրեդը կարոտից հիվանդացավ, մենք տխուր էինք․․․։ Ամեն օր հիշում էինք մեր դպրոցը, անընդհատ կապը փորձում պահել։ Դժվար էր։ Չեմ ուզում հիշել․․․։
Վերադարձ
Եկանք մեր հայրենիք ու միանգամից վազեցինք կրթահամալիր։ Տիար Բլեյանը միանգամից ասաց
-Դե, Անահիտ, ինչ ես սպասում, ե°րբ ես գալիս, ո°ր դպրոցում ես ուզում աշխատել։
Հուզիչ էր, պատսխանատու, ես սպասել էի այս օրվան․․․։
Սկսեցի աշխատել, կրթությունս շարունակել, ինքնակրթվել, սովորել, ապրել․․․։

Կյանք

Ես իմ կյանքի լավ ու վատ օրերը այստեղ եմ ապրել, գտել ընկերներ, որոնք իմ կողքին են եղել իմ կյանքի դժվար ու երջանիկ օրերին։ Իմ երեխաները սիրել ու սիրում են իրենց կյանքի-դպրոց կրթահամալիրը։ Հիմա էլ ուսանող են ու ամնեն տեղ ապրում են սեբաստացուն բնորոշ մտածելակերպով, մի մասնիկ էլ իրենցից են ներդնում կրթահամալիրի զարգացման գործում։ Պատասխանատու գործ-կյանք  է լինել սեբաստացի։

Գաղտնիք

Սեբաստացի լինելու համար պետք է սիրես քո ընտրած ճանապարհը, պետք է անտրտունջ լինես, ուժեղ, հարգես մարդկությանը, ունենաս արժեքներ, նվիրվես երեխաներին, ազնիվ քայլես, հաճույք ստանաս քո գործից, ամեն օրը լույսով ու կարողություններդ զարգացնելու ցանկությունով։

Երջանկություն

Ես ինձ երջանիկ եմ զգում իմ կրթահամալիրում. երեխաների մեջ անհոգ եմ, ընկերներիս կողքին` ամուր, Տիար Բլեյանի կողքին` սովորող։

Շնորհակալ եմ, որ կյանքում ինձ հնարավորություն ընձեռնվեց, գտնել իմ կրթահամալիրը, դպրոցը, ընկերներիս, սովորողներիս, աշակերտներիս։




Ես սեբաստացի Անահիտն եմ...